Ուռուցքաբանության բաժանմունք
Ուռուցքաբանության բաժանմունքն ընդգրկում է ուռուցքաբանական ծառայությունների գրեթե ողջ սպեկտրը՝ սկսած ախտորոշումից ու բուժումից մինչև կանխարգելում, լուսավորչական աշխատանք, հոգեբանական աջակցություն և ամոքիչ բուժում։
Ելնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական մոտեցում ցուցաբերելու մեր որդեգրած քաղաքականությունից՝ բաժանմունքում պարբերաբար անցկացվում են ււռուցքաբանական բազմամասնագիտական խմբի (Tumor board) քննարկումներ, որոնց շրջանակում ուռուցքաբանների, վիրաբույժների, հյուսվածաբանների, ճառագայթաբանների մասնակցությամբ մշակվում է չարորակ նորագոյացությամբ ամեն նոր պացիենտի հետազոտության և բուժման անհատական պլանը։
Բաժանմունքը մատուցում է բուժական ու խորհրդատվական ծառայություններ՝ առաջնորդվելով չարորակ նորագոյացությունների բուժման միջազգային ուղեցույցների (ESMO, ASCO, NCCN, RUSSCO) մոտեցումներով և չափանիշներով, կիրառելով ցիտոստատիկներ, հորմոնալ ու թիրախային (թարգեթ) թերապիայի, իմունաթերապիայի դեղամիջոցներ, ներարկման ժամանակակից բոլոր մեթոդները, ներառյալ՝ օրական անընդմեջ ներարկումները՝ դեղորայքային նյութի դեղաչափը կարգավորող պոմպի օգնությամբ, հատուկ պորտ-համակարգի
միջոցով և այլն:
Բաժանմունքում գործում է նաև հոգեբանի ծառայություն՝ նախա- և հետքիմիաթերապևտիկ շրջանում բուժառուներին ու վերջինների հարազատներին հոգեբանական աջակցության տրամադրման, բուժման և վերականգնողական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։
Մեր արժեքներն են՝ բարձրորակ համալիր բուժօգնությունը, անհատական մոտեցումն ու խնամքը, թիմային աշխատանքը և համագործակցությունը, ապրումակցումն ու հոգատարությունը, նորարարությունների ներմուծմամբ անընդմեջ կատարելագործումը։